Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։/նշել թե քրիստոնեության մեջ սուրբ երրորդությունը ո՞րն  է/: Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *